Եկել է ահա՝ վերահայտնվածի հեռզգայությամբ,
հի՜ն Նետաձիգը հայրենահռչակ -
անափ սիրելին հալածյալների,
թեւավորների կուռքը ոգեզարմ,-
թեպետ իրենք էլ գազանների պես
տապալվում էին հաճախ նետահար,-
բարու վաշտերը գիտեին նրան քնից մինչ ցասում,
եւ առավելս՝ չարակամների լեգիոնը գիտեր:-
Ի՜նչ նետեր ասես, որ չէին սուրում նրա աղեղից,
ի՜նչ թիրախներ էր խոցում անվրեպ,
եւ որքան շունչ էր պահում նա խաղաղ իր հովանու տակ…
Եկել ու շվար շրջում է հիմա
բութ անկյուններով երկրատարածքի,-
եւ մշուշվում է աչքը սրատես,
եւ սրտի վրա մոխիր է մաղվում.-
նրա միտքն արագ երեւակում է,
որ ժրացել են չարքերը կախարդ
եւ հարաճուն է թունոտ սնկի պես
անմեղ զոհերի թիվը պարտակած,
որ վայրագները ասպատակում են ներսից ու դրսից,
եւ իր նետերն այլեւս բավ չեն
մատնիչ ու խուժան գետնելու համար:-
Եվ Նետաձիգը ցասկոտ փութությամբ
շրջվում է դեպի իր անցյալը շիկ,
երբ քաջ էր ինքնին, առասպելահարգ,
եւ մարդկանց կյանքն էր զատում գեհենից:
-Կա՛նգ առ, Նետաձիգ, մի գնա անդարձ,
դափնեվարդերը քեզ չեն սփոփի բույր ու հաշտությամբ,
այստեղ մոլեգին բուք կա անարդար
եւ հտպիտների քրքիջ դիվամաղձ,-
խփի՛ր քո հոգու նշանառությամբ,
ու երբ կապարճում լոկ մի նետ մնա -
ընծայի՜ր ուղիղ սրտիս լուսնահար:
15.09.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ